Հայերեն Ձեռագրերի Պատառիկները Վիեննայում

Այս գիրքը հայկական ժառանգության մի փոքր մասի լավագույն ներկայացումներից է եվրոպական քաղաքում, որտեղ Մխիթարյան Հայ Կաթողիկե համայնքը իր ներկայությունն է հաստատել 18-րդ դարից։

Գրքի նախաբանից

Ավելի քան մեկ դար է անցել այն օրվանից, երբ լույս տեսավ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայերեն ձեռագրերի ցուցակի առաջին հատորը՝ երևելի հայագետ, միաբանության անդամ հ. Հակովբոս Տաշյանի հեղինակությամբ։ Պահանջվեց երկար ընդմիջում, գրեթե 70 տարի, մինչև որ միաբանությունը հնարավորություն ունեցավ հրատարակելու ձեռագրացուցակի երկրորդ պատկառելի հատորը հ. Համազասպ Ոսկեանի ջանքերով։ Ի վերջո, ևս 20 տարի անց ձեռագրացուցակն ամբողացրեց հ. Օգոստինոս Սեքուլյանը, ավարտին հասցնելով եռահատոր մեծածավալ աշխատությունը, որի՝ իբրև հայերեն ամենակատարյալ ցուցակներից մեկի մասին, մասնագիտական գրականության մեջ շատ է խոսվել։
 

Ներկայացվող նյութի հիմնական մասին Վիեննայի ձեռագրացուցակներին հեղինակներն անդրադարձել են՝ դրանք նկարագրելով և երբեմն, ավելի կամ պակաս չափով, դրանցից մեջբերումներ անելով։ Մենք փորձել ենք այդ պատառիկների վերաբերյալ տալ փոքր-ինչ ավելի մանրամասն տվյալներ՝ երկլեզու (հայերեն-անգլերեն) նկարագրությամբ և բնագրերի ամբողջական վերծանությամբ։ 
 

Պատառիկները ներկայացրել ենք հետևյալ եղանակով։ Եթե դրանք ձեռագրերի պահպանակներ են, նշել ենք, ըստ ձեռագրացուցակի, տվյալ ձեռագրի համարը (առանձին պատառիկների դեպքում՝ դրանց համարը), վերնագիրը, գրության թվականը, վայկը, թերթերի քանակը, նյութն ու չափը, գրիչի (հայտնի լինելու դեպքում նաև՝ ծաղկողի կամ կազմողի) ու ստացողի անունները։ Ապա, պատառիկների նկարագրությունից հետո, առանձին աղյուսակում նշված են դրանց պարունակած բնագիրը, գրատեսակը, սյունակների թիվը (1 կամ 2), նյութն ու չափերը (պահպանակների չափերը երբեմն չեն համընկնում ձեռագրին)։

Յուրաքանչյուր պատառիկի հետ տրվում է նաև նրա լուսանկարը։

Գիրքը ձեռք բերելու համար այցելել՝  http://booksfromarmenia.com/item.php?item_id=911

Գիրքը կազմել են հայտնի հայագետներ Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։

Գիրքը հրատարակվում է Գրացի «Վեստիգիա» ձեռագրագիտական կենտրոնի նախաձեռնությամբ (տնօրեն՝ Էրիխ Ռենհարտ) և «Անկյունաքար» հրատարակչության համագործակցությամբ։