Խոսրովիկ Թարգմանիչ, «Դավանական երկեր», Անկյունաքար հրատարակչություն, 2015
8-դ դարի սկիզբը վճռորոշ էր Հայոց եկեղեցու և նրա աստվածաբանական համակարգի համար։ Բյուզանդական Կայսրությունը, որը Քաղկեդոնի Ժողովից հետո 200 տարվա ընթացքում տատանվում էր այդ ժողովը ընդունելու կամ չընդունելու միջև, 7-րդ դարի վերջում վճիռ ընդունեց հօգուտ Քաղկեդոնի Ժողովի։ Եվ այս քայլը հիմնավորվում էր Մաքսիմոս Խոստովանողի, Ղևոնդիոս Բյուզանդացու և այլոց աշխատանքներով։ Բյուզանդական Կայսրության քաղաքականությունը կանգ չառավ քրիստոսաբանական քննարկումներով, այլ ընդունեց ոչ-քաղկեդոնական եկեղեցիներին բռնի կերպով քաղկեդոնականական քրիստոսաբանության բերելու։
Թեև արաբական ուժեղացող ազդեցության պայմաններում քաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս հեռու գնալ բռնի միջոցների հարցում, սակայն Հայոց և Ասորի ոչ-քաղկեդոնական եկեղեցիներին պարտադրվեց աստվածաբանական բանավեճ, և Հայոց եկեղեցու այն մասերում, որոնք գտնվում էին բյուզանդական քաղաքական ազդեցության ներքո, որոշ չափով տեղի ունեցավ անցում քաղկեդոնական աստվածաբանության։ Այս պայմաններում կաթողիկոս սբ. Հովհան Օձնեցին պետք է արձագանքեր համապատասխան կերպով, և հիմնավորեր հստակ կերպով այն պատճառները, թե ինչու Քաղկեդոնական քրիստոսաբանությունը ընդունելի չէր Հայոց և Ասորի եկեղեցիների համար, ինչը նա կատարեց փայլուն կերպով։
Սրա համար գումարվեց Մանազկերտի ժողովը (726 թ.), որում հայ և ասորի եպիսկոպոսները միասին ձևակերպեցին 10 ժողովական բանաձևեր, որոնք հստակ սահմանեցին երկու եկեղեցիների քրիստոսաբանական դիրքը։ Կաթողիկոսից հետո առաջատար աստվածաբաններից մեկը Խոսրովիկ Թարգմանիչն էր։ Նրա հինգ նամակները, որոնք կազմում են այս գրքի նյութը, ամենայն հավանականությամբ գրվել են Մանազկերտի ժողովից հետո և հասցեագրված են տարբեր մարդկանց։ Առաջինը ուղղված է ոմն քաղկեդոնական եպիսկոպոսի, հավանաբար բյուզանդական ազդեցության տարածքում գտնվող։ Այստեղ Խոսրովիկը ցույց է տալիս հիմնական աստվածաբանական եզրերի տարբեր ըմբռնումները երկու կողմերի համար, որտեղից էլ հետևում են տարբեր քրիստոսաբանական պատկերացումները։ Սա գրքի հիմնական աշխատությունն է, և հեղինակը հիշեցնում է աստվածաբանական եզրերի («դեմք», «անձ», «բնություն» և այլն) ճշգրիտ սահմանումները՝ վերցված թե նախաքաղկեդոնյան սուրբ հայերերի, թե փիլիսոփաների աշխատություններից։ Այս սահմանումների կարևորությունը հասկանալու համար բավական է ասել, որ այս եզրերի ճշգրիտ սահմանումների վերաբերյալ մինչ օրս ընթանում են վիճաբանություններ աշխարհի տարբեր եկեղեցիների և հարանվանությունների աստվածաբանների միջև, և նրանց մեծ մասը անտեղյակ է Հայոց եկեղեցու տեսանկյունին, որն արտահայտված է սբ. Հովհան Օձնեցու, Խոսրովիկի և ուրիշների կողմից։
Մյուս նամակները ուղղված են ասորի և հայ եպիսկոպոսների, որոնցում հեղինակը բացատրում է Մանազկերտի Ժողովի մոտեցումները Քրիստոսի մարմնի չարչարելիության և անչարաչարելիության, մահկանացության և անմահության մասին, ինչը ասորի եկեղեցու ներսում բաժանումների հիմք էր դարձել Հուլիանոսի և Սևերիոսի հետևորդների միջև։
Գիրքը ունի ծավալուն նախաբան, տողատակի ծանոթագրություններ և մանրամասն առարկայացանկ ու անվանացանկ։
Հրատարակված է «Անկյունաքար» հրատարակչության կողմից, 2015 թվականի հուլիսին։ Հետաքրքրված ընթերցողները կարող են ձեռք բերել՝ այցելելով BooksFromArmenia.com կայքը կամ դիմել հրատարակչությանը՝ info@ankyunacar.com։
Սա գրքի առաջին արևելահայերեն թարգմանությունն է գրաբարից։ Թարգմանիչ՝ Խաչիկ Գրիգորյան։