Նազիկ Արմենակյանի վավերագրական-լուսանկարչական նախագիծը
Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում:
Նախագիծն ամփոփում է «Վերապրածներ» ֆոտոգիրքը, որը տպագրվել է 2015-ին։
Այն կազմված է 40-ից ավելի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներից և շուրջ 35 վկայությունների բացառիկ արձանագրություններից որոնք հրատարակվել են առաջին անգամ։ Գրքի ծավալուն նախաբանը հեղինակել է անվանի ֆրանսիահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանը որտեղ մեկնաբանվում են վերապրածների փորձառությունը ներկայացնելու, ըմբռնելու խնդիրները։ Գրքի խմբագիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը իր տեքստում դիտարկում է Արմենակյանի լուսանկարների նշանակությունը որպես աղետի հետևանքների և ներկայի միջև հարաբերակցություն ստեղծող տարածք։ Իր ձևավորման և հայեցակարգային լուծումների շնորհիվ, «Վերապրածները» լոկ պատկերների ու վկայագրությունների զետեղում չէ այլ պատումի ուրույն ձև և արվեստի ինքնուրույն առարկա։ Այն ընդլայնում է լուսանկարի տեսողական շրջանակները, դառնալով աղետալի անցյալի վերլուծության, բացահայտման և հարաբերակցման միջոց։
Գիրքը կարելի է ձեռք բերել, այցելելով http://booksfromarmenia.com/item.php?item_id=1290&cur=USD