Սասունցի Դավիթ Էպոսը

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ և նրա հրատարակության պատմությունից 

«Դառնամ, զօղորմի տի տամ Խանում Ծովինարին.

Դառնամ, զօղորմի տի տամ Սանասարին, Բաղդասարին. 

Դառնամ, զօղորմի տի տամ Քեռի Թորոսիկին.

Դառնամ, զօղորմի տի տամ ականջ արողների ծընողներին»։ 

Ահա այս տողերով է սկսվում «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը՝ հայ ժողովրդի ստեղծած դյուցազնավեպերից ամենակուռն ու համապարփակը։ Այն սերնդե-սերունդ ավանդվել է բանավոր, և բանասացներն ու բանահավաքները տարբեր կերպ են անվանել՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ», «ՍԱՍՆԱ ՏՈՒՆ», «ՋՈՋԱՆՑ ՏՈՒՆ», «ՔԱՋԱՆՑ ՏՈՒՆ», բայց իհարկե՝ առավել հաճախ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»։ Էպոսը բաղկացած է 4 մասից կամ 4 ճյուղից, ինչպես որ վիպասացներն են կոչում։ Յուրաքանչյուր ճյուղ ներկայացնում է գլխավոր հերոսներից մեկի սերունդը. ճյուղ առաջինը՝ «Սանասար և Բաղդասար», ճյուղ երկրորդը՝ «Մեծ Մհեր», ճյուղ երրորդը՝ «Սասունցի Դավիթ», ճյուղ չորրորդը՝ «Փոքր Մհեր»։ 

Պատմական առումով էպոսի վիպական զարգացումը, նրա ճյուղերի հարակցումը մշակվել են արաբական արշավանքների շրջանում՝ 7-10 դդ., որոշ հատվածներ՝ մինչև 12-13 դդ., սակայն ժողովրդական ստեղծագործության նախահիմքերը պետք է փնտրել շատ ավելի խորը հնադարում, դրանք աղերսներ ունեն հին ավանդազրույցների, կրոնա-հավատալիքային վաղ պատկերացումների հետ։ 

Միշտ չէ, որ ասացողները տեքստ հաղորդել են ամբողջությամբ, երբեմն շարադրել են միայն մեկ-երկու ճյուղը, ավելի հաճախ՝ միայն Դավթի ճյուղը, այստեղից էլ էպոսի անվանումը ժողովրդի մեջ ավելի շատ կապվել է Սասունցի Դավթի հետ։ Բայց ճյուղերի միասնությունն ընդգծվել է «ողորմիներով», որոնց մեջ հիշատակվում ու փառաբանվում են բոլոր ճյուղերի հերոսները։ Սասունցի Դավթի ճյուղը էպոսի ամենաընդարձակ մասն է. նրա կերպարը, իհարկե, մյուսների նման դյուցազնական է, բայց և ավելի երկրային է, իրական, նա ջերմ ու անաղարտ սիրտ ունի, պատրաստ է օգնության հասնելու և պաշտպան է իր ժողովրդին։ Դավթի կերպարում անշուշտ կենտրոնացել են այն հատկանիշները, որոնք թանկ են ու հոգեհարազատ էպոսը հեղինակող ժողովրդի համար։  

Էպոսի գրառման պատմությունից։

Առաջին անգամ 1873 թ. բանահավաք Գ. Սրվանձտյանն է, որ Մշո Առնիստ գյուղում  հայտնաբերել ու մի վիպասացից ամբողջությամբ գրի է առել «Սասնա ծռեր» էպոսը։ Մեկ տարի հետո նա «Գրոց ու բրոց, և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով այն լույս է ընծայել Կոստանդնուպոլսում։ Երկրորդ պատումը լեզվաբան Մ. Աբեղյանը 1886 թ. գրի է առել Վաղարշապատում, և 1889 թ. հրատարակել Շուշիում՝ «Դավիթ և Մհեր» վերնագրով։ 

Ընդհուպ մինչև 20-րդ դ. 80-ական թվականները հավաքվել ու գրի է առնվել էպոսի շուրջ 160 պատում, որից 70-ը հրատարակվել է։ Վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն է, իր հարակից գավառներով՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Շատախ, Վան, Խլաթ, Հայոց Ձոր, Մոկք, Ալաշկերտ և այլն։ Պատումի լեզուն հիմնականում արևմտահայ, մասնավորապես Սասունի, Մուշի և Մոկաց բարբառներն են, թեև երբեմն նկատելի են նաև արևելահայ բարբառների որոշ ազդեցություններ։ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը ունի երկու հիմնական հրատարակություն։ 1936 թ. կազմվել և հրատակվել է «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԹԻ» համահավաք բնագիրը երկու հատորով՝ Մ. Աբեղյանի ընդհանուր խմբագրությամբ և Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ։ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԹԻ» ևս մեկ համահավաք բնագիր կազմվել և հրատակվել է 1939 թ., որը կազմել են Մ. Աբեղյանը, Գ. Աբովը, Ա. Ղանալանյանը։ Այս հրատակարության գլխավոր խմբագիրն ու նախաբանի հեղինակն է Հ. Օրբելին։ Հետագայում այս երկու հրատարակությունները մի քանի անգամ վերահրատարակվել են։

Էպոսի գրական մշակումները

Հետաքրքական է, որ դեռևս 19-րդ դարի 70-ականներին, երբ գրի էին առնվում առաջին պատումները, դրան զուգընթաց կատարվում՝են էպոսի գրական մշակումներ՝ չափածո, արձակ, դրամատուրգիական։ Առաջինը դա կատարել է Հ. Ճաղարբեկյանը, ով արձակ մշակել է Դավթի ճյուղը 1895 թ.՝ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ ԴՅՈւՑԱԶՆ» վերնագրով։ Ապա բոլոր չորս ճյուղերը չափածո մշակել է Գ. Բալասանյանցը։ 

1903 թ. լույս է տեսել Հ. Թումանյանի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» պոեմը, որն առ այսօր համարվում է էպոսի ամենահաջողված չափածո մշակումը։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստերծ Ա. Կուլեբյակինը 1916 թ.՝ «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ» վերնագրով, Ավ. Իսահակյանը գրել է «ՓՈՔՐ ՄՀԵՐ» պոեմը 1922 թ.։ 1933 թ. Ե. Չարենցը գրել է «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» պոեմը։ 1958 թ. էպոսի ամբողջական բանաստեղծական մշակումն է կատարել Մ. Խերանյանը՝ «ՍԱՍՆԱ ՏՈւՆ»։ 1966 թ. ամբողջական արձակ վերամշակում է կատարել Ն. Զարյանը՝ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ»։ Կատարվել են նաև Դավթի ճյուղի մի քանի դրամատուրգիական մշակումներ, որոնցից մեկն է Վ. Վաղարշյանի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» ողբերգությունը (1968 թ.)։

 

Էպոսի երաժշտականության մասին 

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսի կարևոր առանձնահատկություններից  մեկն է նրա երաժշտականությունը։ Այն պատմվել է երգաձայն, ռիթմիկ առոգանությամբ, իսկ առանձին դրվագներ ուղղակի երգվել են և հանգավոր բանաստեղծության ձև են ունեցել, ինչպես օրինակ՝ «ափսոսները», նախերգանք ու վերջերգ հանդիսացող «ողորմիները»։ Այդ երգային հատվածներից մի քանիսը՝ 30-ից ավելի կտոր, բարեբախտաբար ժամանակին գրի են առել Կոմիտասը, Ս. Մելիքյանը, Ա. Քոչարյանը, ինչի շնորհիվ պահպանվել են։ Դրանք հայ մոնոդիկ երաժշտության առանձին օրինակներ են, և քանիցս օգտագործվել են էպոսի թեմաներով ստեղծված հայ կոմպոզիտորների գործերում. Ալ. Սպենդարյան - Գ. Բուդաղյան՝ «ԽԱՆԴՈւԹ» բալետ, Էդ. Հովհաննիսյան «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» բալետ-օպերա։

 

Էպոսի թարգմանությունները

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը բազմիցս թարգմանվել է տարբեր լեզուներով։ Դեռևս 1881թ., Սրվանձտյանի գրի առած պատումը Գ. Խալաթյանցը թարգմանել է ռուսերեն։ Ապա ամբողջությամբ էպոսը թարգմանվել է գերմաներեն։ Վ. Բրյուսովը 1916 թ. որոշ կրճատումներով ռուսերեն է թարգմանել Մ. Աբեղյանի գրի առած պատումը։

Հետաքրքրությունը էպոսի նկատմամբ մեծացել է 1938-39 թթ., նրա 1000-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով։ Այդ ժամանակ կազմվել և հրատակվել է «ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ» համահավաք բնագիրը (կազմ.՝ Մ.Աբեղյան, Գ.Աբով, Ա.Ղանալանյան) թարգմանվել  է ռուսերեն ու լույս տեսել միաժամանակ Երևանում, Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ)։ 1939 թ. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ը նաև թարգմանվել ու հրատարակվել է վրացերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, Խորհրդային Միության ժողովուրդներից ևս մի քանիսի լեզուներով։ 1950-60-ական թթ., ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցությամբ, միջազգային հետաքրքրությունը մեծացել է էպոսի նկատմամբ. համահավաք բնագիրը թարգմանվել, հրատարակել է չինարեն, պարսկերեն, նաև ֆրանսերեն, անգլերեն, լեհերեն։ 

Օտար լեզուներով թարգմանվել և լույս են տեսել էպոսի գեղարվեստական մշակումները։ 

 

Հետաքրքրությունը «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» դյուզացներգության նկատմամբ այսօր էլ չի դադարել։ Ներկայում ևս պարբերաբար լույս են տեսնում էպոսի համահավաք, ամբողջական, կամ մշակված, պատկերազարդված պատումները, մանուկների համար արված վերապատումները, հրատարակվում են հին և նոր արված թարգմանությունները։ 

 

Էպոսը կերպարվեստում և այլուր

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսն իր արտացոլումն է գտել կերպարվեստում։ Այն հարուստ, գունեղ նյութ է, ներշնչանքի աղբյուր նկարիչների, քանդակագործների և կոմպոզիտորների համար։ Էպոսի առանձին հատվածներ, նրա հերոսները իրենց գեղարվեստական արտացոլումն են գտելլ կտավների, գրքի գրաֆիկայի, քանդակագործության, երաժշտության մեջ։ Այս թեմային անդրադառնում են արվեստագետներ, նկարահանվում է մուլտֆիլմ, այն Հայֆիլմ ստուդիայի խորհրդանիշն է։ Էպոսի ամենաթարմ օգտագործումներից մեկն է նկարիչ Ա. Սարգսյանի «ՏՂԱ ԴԱՎԹԻ և ԱՂՋԻԿ ԽԱՆԴՈՒԹԻ ՀԵՔԻԱԹԸ» պերֆորմանսը (Եր. 2015 թ.)։ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» զորություն փոխանցող անունն են կրել տանկային շարասյուններ, կամավորական ջոկատներ, փողոցներ, հրապարակներ, մասնավորապես Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը ու համանուն հրապարակը, որի կենտրոնում վեր է խոյանում Սասունցի Դավթի, հիրավի, լավագույն գեղարվեստական կերպավորումը՝ Եր. Քոչարի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» արձանը։  

 

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսի տարբեր տարիներում արված հրատարակություններից մի քանիսը ներկայացված են Booksfromarmenia.com կայքում.

 

1. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1219 

2. http://http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=526

3. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=270

4. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1252

5. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1220

6. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1221

7. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1223