Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Հայոց Եկեղեցի

Կարապետ եպս. Տեր-Մկրտչյան «Սուրբ մյուռոնի օրհնությունը»

Վաստակաշատ հայագետ, վաստակավոր գործիչ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Սբ. Մյուռոնի օրհնությունը» եզակի աշխատություն է, որն այսօր էլ պահպանել է իր արդիականությունը։ Աշխատությունն այն բացառիկ ուսումնասիրությունների շարքին է պատկանում, որոնցում առկա են և՛ գիտական, և՛ հանրամատչելիության սկզբունքները։ Սրբալույս Մյուռոնը որպես Սուրբ Հոգու շնորհների բաշխման և միաժամանակ հայի ինքնության կարևորագույն բաղադրիչ, մեծ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի կյանքում։ Ուստի կարևոր է, որ այս աշխատությունը ոչ միայն վերահրատարակվի, այլև՝ թարգմանվի օտար լեզուներով։

Տեղին է հիշել երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի խոսքը. «Մենք հավատում ենք, որ այս օրհնված Մյուռոնի ամեն մի կաթիլի մեջ շողում է մի ճառագայթ աստվածային փառաց լույսից, քանի որ ամեն անգամ նոր Մյուռոնի մեջ խառնվում է հին Մյուռոն։ Ամեն նոր օրհնված Մյուռոնի մեջ կա մի մասնիկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնած առաջին Մյուռոնից»։

Մեր օրերում բազմաթիվ են Սրբալույս Մյուռոնի պատրաստման և օրհնության կանոնների վերաբերյալ տարածավալ աշխատություններն ու ուսումնասիրությունները, որոնք սակայն 20-րդ դարասկզբին մեծ թիվ չէին կազմում։

Այս առումով Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի 20-րդ դարասկզբին հրատարակված երկը փոքրածավալ, սակայն ամենաընդգրկուն ուսումնասիրությունն էր։

Գրիք տեքստը գրված է երեք լեզվով. հայերեն, անգլերեն և ռուսերեն

Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղման միջոցով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1187

 

Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան «Հայոց Եկեղեցին» (անգլերեն լեզվով)

«Անկյունաքար» հրատարակչությունը լույս է ընծայել Օմանյանի «Հայոց եկեղեցին» գրքի անգլերեն թարգմանության նոր, երրորդ հրատարակությունը։ Հայոց եկեղեցու պատմությունը գրեթե նույնացվում է հայ ժողովրդի պատմության հետ, գոնե վերջին 2000 տարիների ընթացքում։ Այս գրքում արտացոլված է ոչ միայն եկեղեցու և ազգի պատմությունը, այլև Հայ եկեղեցու մասին ավելի խորքային տվյալներ. նրա աստվածաբանությունը, գրականությունը, կառավարման համակարգը, արարողությունները։ Գիրքը գրված է պարզ լեզվով, հավաստի աղբյուրների հիման վրա։ Այն պատասխանում է բազմաթիվ հարցերի, որ հետաքրքում է շատերին։ Ռուսերեն լեզվով հրատարակությունը հատկապես օգտակար է մեր այն հայրենակիցներին, ովքեր գտնվում են անգլալեզու երկրներում, ինչպես նաև այն արտասահմանցիներին, ովքեր կարգում են այդ լեզվով։ Գրքի նոր հրատարակությունը օժտված է գունավոր բազմաթիվ լուսանկարներով, որոնք ուղղակիորեն կապված են տեքստի հետ։ Երկու հրատարակությունների միջև ընկած գրեթե մեկդարյա միջակայքում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, որոնք արտացոլված են տողատակի ծանոթագրություններում։ Գիրքը տալիս է ճշգրիտ և ընդհանրական տեղեկություն Հայոց եկեղեցու մասին այն ընթերցողին, ով ցանկանում է ավելի լավ ճանաչել այս հին արևելյան եկեղեցին։ Խմբ. և ծանոթագրությունները Ղևոնդ քհն. Մայիլյանի։

«Անկյունաքար» հրատարակչություն, 2015

Գիրքը ձեռք բերելու համար այցելել http://booksfromarmenia.com/item.php?item_id=861

 

 

Հեշտ չէ առաջաբան գրել Սրբազան Օրմանյանի գրքի համար, որի նյութը Հայաստանի Եկեղեցին է, և որն անգլերեն է թարգմանել Մարգար Գրեգորին։ Դժվարությունն է՛լ ավելի է մեծանում, երբ հիշում ենք, որ այս առաջաբանը պետք է գրեր Սոլզբերիի մեծահմուտ եպիսկոպոս դոկտ. Ուորտսուըրթը, եթե մահն իրեն խնայած լիներ։ Սակայն Հայոց Եկեղեցու մեջ կան բազում շահեկան բաներ առհասարակ բոլոր քրիստոնյաների համար, և մասնավորապես Անգլիկան Եկեղեցու անդամների համար։ Որովհետև Հայաստանի եկեղեցու պատմությունը մի վկայություն է եկեղեցական կյանքի ինչ-ինչ մեծ սկզբունքների մասին։ Սա մի բողոք է Հռոմի Եկեղեցու ենթադրական անսխալականության և տիեզերականության դեմ։ Որովհետև Հայաստանի Եկեղեցին հավատում է, որ «Ո՛չ մի եկեղեցի, որքան էլ ինքնին մեծ լինի, քրիստոնեության ամբողջությունը չի ներկայացնում. որ յուրաքանչյուրը, առանձին վերցրած, կարող է սխալվել, և միայն Տիեզերական Եկեղեցուն է պատկանում անսխալականության առանձնաշնորհը իր վարդապետական որոշումներում»։ Հայաստանի Եկեղեցին շատ է կարևորում Եկեղեցիների ազգային հանգամանքն ու առանձնահատկությունը։ Հավատում է, ինչպես Անգլիայի Եկեղեցին է հավատում, որ կա եկեղեցիների եղբայրություն, որի անդամներն իրենց հնությունը հասցնում են մինչև առաքելական ծագումը, և որոնք զարգացել են ուրույն գծերի վրա, սակայն իրար հետ կապված են միևնույն դավանությամբ և հոգևոր միությամբ միևնույն Երկնային Պետի հետ, ինչը Տիեզերական Եկեղեցու ճշմարիտ իսկությունն է ցուցադրում։

Հայաստանի Եկեղեցին իրեն սերված է համարում Ս. Բարդուղիմեոս և Ս. Թադեոս առաքյալներից։ Ստույգ լինի թե՝ ոչ, այն խոսքը, թե «Հայաստանն առաջին պետությունն է աշխարհում, որ Քրիստոնեությունն իր համար պաշտոնական կրոն հռչակեց», կասկած չկա՝ Հայաստանն ամբողջությամբ քրիստոնեություն ընդունեց չորրորդ դարի սկզբին՝ Ս. Գրիգոր Պարթևի քարոզությամբ, ով առհասարակ հայտնի է Գրիգոր Լուսավորիչ անունով։ Նա եղավ առաջին կաթողիկոսը Հայոց։ Վարեց ու կազմակերպեց Հայոց Եկեղեցին, ու հետաքրքիր է հիշատակել, որ մահացավ 325 թվականին՝ Նիկիայի Ժողովի տարին։

Սուրբ Գրիգորի օրերից մինչև այսօր Հայոց Եկեղեցին մի անկախ ընթացքի է հետևում։ Իր գոյության սկզբներում Կեսարիայի, Անտիոքի, Կոստանդնուպոլսի Եկեղեցիների տիրապետական հակումներին դեմ եղավ։ Ավելի հետո ենթարկվեց ձեռնձգությունների հունական, ասորական, լատինական եկեղեցիների կողմից, ինչ-որ չափով՝ նաև զանազան բողոքական հարանվանությունների կողմից։ Եվ որչափ էլ առանձին բաժանումներ եղան, բայց իր ազգային ուրույն կյանքը երբեք չվտանգվեց։ Սրբազան Օրմանյանի խոսքով՝ «Նա միշտ ըմբռնեց միության իմաստը՝ բառի հստակ և ճշմարիտ առումով։ Նա փափագեց, որ Եկեղեցիների միջև միություն հաստատվի հոգևոր հաղորդակցությամբ, իրենց ուրույն դիրքերը փոխադարձաբար հարգելով, իր սեփական շրջանակի ու սահմանների մեջ յուրաքանչյուրն ազատություն վայելելով և ամենուր քրիստոնեական սիրո ոգին տիրապետելով»։

Անգլիացի ընթերցողներին հանձնարարելի այս գրքի մի առանձնահատուկ արժեքն էլ այն է, որ այն քննություն է Հայաստանի Եկեղեցու մասին ոչ թե դրսից, այլ՝ ներսից։ Հեղինակը, լինելով Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, իր իսկ եկեղեցու դատը մեջտեղ բերելու լիովին կարող անձ է։ Ահա այս կերպ նա պահանջում է, որ ականջ դնենք իր բողոքին, երբ մերժում է Եվտիքեական հերետիկոսությունը, որը հաճախ է զուգորդվում Հայաստանի Եկեղեցու անվան հետ։ Այսպես, նաև հեղինակորեն բացում է իր եկեղեցու անթերի ներողամտությունը կամ լայնամտությունը ուրիշ դավանությունների հանդեպ, որ Հայաստանի Եկեղեցու ընդգծված հատկանիշն է եղել բոլոր դարերում։

Ո՛չ միայն Հայաստանի Եկեղեցին կենդանի օրինակ է սեփական պատմական գծերի վրա զարգացող մի եկեղեցու, այլև իր անկախությունն ապացուցել է անցյալի ու ներկայի բազմաթիվ իրադարձություններրով։ Բավական է, որպես օրինակ հիշել, որ Տիեզերական ժողովներից միայն առաջին երեքն է ճանաչում՝ փրկության համար վարդապետությունների նվազագույն թիվը միայն անհրաժեշտ նկատելով։ Այսպիսի օրինակներ են նաև Խորհուրդների սահմանումը ու գործածումը Հայաստանի Եկեղեցում, իր նվիրապետական կարգն ու սարքը, իր՝ աշխարհական դասակարգի հզոր ազդեցությունը խորհրդակցության ու վարչության մեջ, իր հոգևորականների՝ միայն կամավոր նվերներով ապրելը, իր տոնակարգությունը, իրեն հատուկ սրբերը և ժողովրդական ոգին, որով սիրելի է եղել իր ազգին։

Կարծում եմ, որ ոչ մի գիրք Օրմանյան սրբազանի գրքի չափ ամփոփ սահմաններում նույնչափ պայծառ գաղափար չի տա Հայոց Եկեղեցու մասին։ Չեմ սխալվի, եթե ասեմ՝ Օրմանյան Սրբազանի գիրքը ոչ միայն Անգլիկան Եկեղեցու անդամների մեջ ջերմ համակրանք պետք է առաջացնի Հայոց Եկեղեցու նկատմամբ, այլև ավելի քան երբևէ զորեղ վստահություն պետք է ներշնչի նրանց՝ հենց Անգլիկան Եկեղեցու դիրքի նկատմամբ, համաձայն գտնելով նրան՝ Հռոմի Եկեղեցու մեջ չձուլված քրիստոնյա Եկեղեցիների ոգուն և գործելակերպին, և արդարացած համարելով նրան, ո՛չ միայն եկեղեցական պատմությամբ, այլև հենց Հիսուս Քրիստոսի ոգով ու կամքով։

Ջ. Ուելդոն

Մանչեսթր, 16 մարտ, 1912թ.

Գիրքը ձեռք բերելու համար այցելել http://booksfromarmenia.com/item.php?item_id=861

 

Subscribe to RSS - Հայոց Եկեղեցի