Օգոստինոս Երանելիի «Խոստովանությունները»՝ հայերեն

Առաջին գիրքը, որ 2016 թ-ին մեր բլոգում ուզում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը, Օգոստինոս Երանելիի «Խոստովանություններ» գործն է։

Անկյունաքար - 2008, Երևան, 480 էջ, ISBN 99941-800-1-1

 

Միջնադարյան մի հանրագիտակ, Կաթոլիկ Եկեղեցու սուրբ Իսիդորոս Սևիլիացին (6-7-րդ դդ.), ով, ի դեպ, այսօր աշխարհում ճանաչված է որպես Համացանցի սուրբ հովանավոր, և նրա մահվան օրը՝ ապրլին 4-ը, նշվում է իբրև Համացանցի միջազգային օր, ահա նա, խոսելով առաջին դարերի քրիստոնյա հայրերի, նրանց թողած գրավոր ժառանգության մասին, նշում է. «Մտքով և գիտելիքներով բոլորից վեր կանգնած է Օգոստինոսը, որովհետև նրա գրածի չափ ոչ ոք չի կարող ոչ միայն գրել, այլև՝ նույնիսկ կարդալ, թեկուզև դրա համար օր ու գիշեր ծախսի»։ Եվ ապա՝ «Ով որ կասի, թե կարդացել է նրա բոլոր գործերը, այդ մարդուն անհապաղ ստախոս պետք է հայտարարել»։  

Գուցեև, ասվածը չափազանցված թվա («...այնքան գիրք է գրել, որ մարդ իր կյանքի ընթացքում չի հասցնի կարդալ»), սակայն հեռու չէ ճշմարտությունից. Օգոստինոսը հեղինակել է 93 աշխատություն, որ 232 գիրք է կազմել, նրա անունով մեր օրերն է հասել նաև ավելի քան 500 նամակ և քարոզ։ Ուղղափառ Եկեղեցու կողմից «Երանելի» մականունն ստացած Ավրելիոս Օգոստինոս Հիպոնացին (354-430) ծնունդով Կարթագենից է, իր կյանքի մեծ մասն ապրել է Հռոմեական Աֆրիկայի Տագաստ, Հիպպոն քաղաքներում (այժմյան Ալժիի տարածքում)։ Նրա կրոնա-իմասատասիրական երկերից առավել հայտնիներն են «Խոստովանություններ» (Confessiones), «Աստծո քաղաքի մասին» (De Civitate Dei), «Երրորդության մասին» (De Trinitate), «Ազատ կամքի մասին» (De libero arbitrio) գործերը, որոնք  հոգևոր բովանդակության հետ մեկտեղ ունեն նաև գեղագիտական արժեք։ 

Օգոստինոսի անձի, նրա գործերի մասին հայ իրականության մեջ, հոգևորականների շրջանում իմացել են վաղուց, ներառյալ վաղ միջնադարում, նրան անդրադարձել են, ցիտել, որոշ հատվածներ թարգմանել են, սակայն, հետաքրքրական է, որ օրինակ, «Աստծո քաղաքի մասին»-ը հանրահայտ գործը ամբողջապես միայն մեկ անգամ է թարգմանվել ու լույս է տեսել, այն էլ՝ 1841 թ., Մխիթարյանների ջանքերով (թարգմ. Հ. Գաբրիել վարդ. Աւետիքյան)։ Իսկ «Խոստովանություններ»-ը, որ վստահորեն կարող է  սեղանի գիրք լինելու պատվին արժանանալ, ընդհանրապես չի ներկայացվել հայ ընթերցողին։ Ինչի համար, արժեր ափսոսալ։ Եվ կարծում եմ ուրախալի փաստ էր, որ «Անկյունաքար» հրատարակությունն իրականացրեց այդ ոչ հեշտ աշխատանքը, «Խոստովանություններ»-ը 2002 թ. առաջին անգամ լույս տեսավ հայերեն լեզվով (թարգմ. լատիներենից, անգլերեն թարգմանության հմմտ.՝ Խ. Գրիգորյանի)։ 2008 թ. արվեց գրքի երկրորդ, վերանայված հրատակարությունը, և հիմա այն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են Օգոստինոսին ընթերցել հայերեն։

Ահա այս գիրքն է, որ ուզում եմ առաջարկել Ձեր ուշադրությանը։ 

Ով տեղյակ է «Խոստովանություններ»-ի բովանդկությանը (անկախ ինչ լեզվով է այն կարդացել), չի կարող անտարբեր լինել, անգամ մտքում հիացմունքի խոսքեր չշռայլել Օգոստինոսի հասցեին։ Ո՞րն է այս առանձնահատուկ վերաբերմունքի գաղտնիքը. պատկառազդու հեղինակի ճարտասանական արվե՞ստը, նրա անկեղծ ու անվերապահ հավա՞տը, կամ գուցե՝ պայծառ, սթափ տրամաբանությո՞ւնը։ Դժվար է սրանցից մեկն առանձնացնել։ Հավանաբար բոլորը միասին, դեռ այդ բոլորին գումարած այն փաստը, որ ով մեկ անգամ ձեռքն առնում «Խոստովանությունները», ապա սկսած ընթերցանությունը երկարում է տարիների ընթացքում, և ընթերցողին զուգահեռաբար «ընթերցելու է» առաջնորդում իր սեփական «Խոստովանություններ»-ը, և… Բայց և, ինչը պակաս կարևոր չէ, այդ խոստովանանքը չի տանում հուսահատության, կամ ինքնադատափետման, այն հենման կետ է տալիս, մղում է ամբողջականության։ 

Օգոստինոսի գրելաոճը, «Խոստովանություններ»-ի շարադրանքը առինքնող է, խոսքը, միտքը կառուցելու, ճկուն դարձվածները, շրջասացությունները կազմելու նրա վարպետությունն ուղղակի հիացնում է, այն հաճախ առիթ է վայելելու խոսքի, բառի արժեքը, դարձվածների դիպուկությունը, մտածելու ու մտքերը արտահայտման նրբությունները։ Հավանաբար մեծ նախախնամություն է, որ մինչև քրիստոնյա դառնալը հեղինակը ստացել է իր ժամանակի համար լավագույն կրթությունը, եղել է համբավավոր ճարտասան, իսկ հետագայում իր ստացած կրթությունը, փորձառությունը, բոլոր ձիրքերը ի սպաս է դրել մեծ առաքելությանը։ 

Ընթերցեք մի հատված այդ գրքից. 

 

«...Սա էր Պոնտիցիանոսի պատմությունը։ Իսկ Դու՛, Աստված, նրա պատմության [շարադրելու] ընթացքում ինձ շրջեցիր դեպի իմ անձը. ստիպեցիր ինձ դուրս գալ իմ մեջքի հետևից, որտեղ ես տեղավորվել էի, որպեսզի չդիտարկեմ ինձ, և դրեցիր ինձ իմ դիմաց՝ երես առ երես, որպեսզի տեսնեմ, թե որքան ապականված, որքան ծուռ ու պիղծ եմ ես՝ ծածկված քոսերով ու խոցերով։ Ես տեսա ու սարսափեցի, և տեղ չկար, որ փախչեի ինձանից։ Եթե ես փորձում էի հայացքս հեռացնել ինձանից, նա շարունակում էր պատմել, և Դու ինձ նորից դնում էիր իմ առաջ, և ստիպում էիր առանց կտրվելու նայել ինքս ինձ, որ տեսնեմ իմ անօրենությունը և ատեմ այն։ Ես արդեն գիտեի այդ մասին, բայց անտեղյակ էի ձևանում, աչքերս փակում էի և փորձում էի մոռանալ այդ մասին»։ (էջ 190, գլխ. 8-րդ, VII, 16.)։

«Եթե ես որևէ մեկին հարցնեմ, թե նա գերադասում է ճշմարտության մեջ գտնել ուրախությունը, թե՝ ստի, ապա ոչ ոք չի տատանվի պատասխանել՝ ճշմարտության մեջ, ինչպես նաև չի տատանվի ասել, որ ուզում է երջանիկ լինել։ Իսկ երջանկությունը ճշմարտությամբ ուրախանալն է, այսինքն՝ ուրախանալը Քեզանով, որ Ճշմարտությունն ես, Աստված իմ, Լույս իմ, իմ անձի փրկություն (Սաղմ.  26.1, 41.12)։ Բոլորն են ցանկանում այս երջանիկ կյանքը, բոլորն են ուզում ուրախանալ ճշմարտությամբ։ Շատերին գիտեմ, ովքեր հաճույքով խաբում են, սակայն չգիտեմ մեկին, ով կուզենար խաբված լինել։ Որտեղի՞ց են իմացել նրանք այդ երջանիկ կյանքի մասին, եթե ոչ՝ նույն տեղից, որտեղից որ իմացել են ճշմարտության մասին։ Այո՛, նրանք սիրում են այդ ճշմարտությունը, քանի որ չեն ուզում խաբվել. և որովհետև սիրում են երջանիկ կյանքը (որն այլ բան չէ, քան ուրախանալ ճշմարտությամբ), ուրեմն նրանք սիրում են նաև ճշմարտությունը»։ (էջ 254, գլխ. 10-րդ,  XXIII, 33.)։

«Չուզենալով խաբվել և ուզենալով խաբել, նրանք սիրում են լույսը, երբ այն ինքն է հայտնվում, և չեն սիրում, երբ այն բացահայտում է իրենց»։ (էջ 255, գլխ. 10-րդ,  XXIII, 34.)։ 

«Ազատի՛ր ինձ ամեն գայթակղությունից։ Ես վախենում եմ ոչ թե կերակրի անմաքրությունից, այլ ուտելու անմաքուր կրքից»։ (էջ 263, գլխ. 10-րդ,  XXXI, 46.)։

«Թող իմ ասածի վրա ծիծաղի նա, ով չի տեսնում դա, իսկ ես կխղճամ նրան այդ ծաղրի համար»։ (էջ 243, գլխ. 10-րդ,  XII, 19.)

Գիրքը ձեռք բերելու համար անցնել հետևյալ հղմանը. http://booksfromarmenia.com/category.php?search=augustine&cur=USD

Թեոֆանա Վարդանյան