Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Գարեգին Սարգիսյան «Քաղկեդոնի Ժողովը և Հայ Եկեղեցին»

Ովքեր արդեն ծանոթ են booksfromarmenia.com կայքին, կհաստատեն, որ նրա ամենահարուստ էջերից մեկն է Հայ Փիլիսոփայական ու Աստվածաբանական ուսումնասիրություններ ներկայացնող բաժինը։ Այդ բաժնի վերջին համալրումներից մեկն է ահա այս գիրքը՝ Գարեգին Սարգիսյան «Քաղկեդոնի Ժողովը և Հայ Եկեղեցին»։

«Քաղկեդոնի ժողովը և Հայ Եկեղեցին»։ Այն ռուսերեն լեզվով է, անգլերենից ռուսերեն է թարգմանել Ե.Վ. Կարչագինը։ Գրքի հեղինակը երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Ա -ն է։ Այս գործը գրվել է դեռևս 59-60 թթ., իբրև ավարտաճառ, Օքսֆորդի համալսարանի գրականության բաժնում։ Աշխատությունը հրատարակվել է 1964 թ., անգլերեն լեզվով, ինչպես որ գրվել էր ի սկզբանե։ Հեղինակը փոփոխություներ չի արել, միայն լրացումներ է արել վերջին գլխում։ 

Նյութը, որին անդրադառնում է հեղնակը՝ Քաղկեդոնի ժողովը 451 թ. և Հայ Եկեղեցու հարաբերությունները մյուս եկեղեցիների հետ դրանից հետո ընկած ժամանակներում, մեկ անգամ չէ, որ քննարկման առարկա են դարձել հայադավանների և քաղկեդոնականների մեջև։ «Սակայն  Գարեգին I-ի գիրքը այդ բոլոր հետազոտություններից տարբերվում է մի կարևոր հանգամանքով. այստեղ գրեթե բոլոր մատչելի աղբյուրների հիման վրա քննադատական վերլուծության է ենթարկված քաղաքական, եկեղեցական և աստվածաբանական իրավիճակը Քաղկեդոնի Ժողովից առաջ և նրանից հետո։ Այդ բնորոշ գիծը, կարելի է ասել, դարձավ Հայ Եկեղեցու քրիստոսաբանության հետազոտության գլխավորագույն սկզբունքներից մեկը Գարեգին I-ի գրքում» կարդում ենք գրքի նախաբանում։ 

Այս գրքի աստվածաբանական ու պատմագիտական նշանակությունը կարևորելով, ընդգծենք, որ շատ սակավ են նման բովանդակությամբ անգլերեն ու ռուսերեն լեզվով գործերը։ Ուստի, կարծում ենք, որ այս հրատարակությունը, որը կատարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատակաչությունը, կարող է հետաքրքրել բազմաթիվ ռուսախոս հայերի, նաև ռուսերենին տիրապետող այլ անձանց, բոլոր նրանց, ում հետաքրքրում է հայոց եկեղեցուն առնչվող կրոնական, եկեղեցական, աստավաաբանական ու պատմական հարցերը։

Գրքի ձեռքբերման համար հղումն է http://booksfromarmenia.com/item.php?item_id=1217։

Սասունցի Դավիթ Էպոսը

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ և նրա հրատարակության պատմությունից 

«Դառնամ, զօղորմի տի տամ Խանում Ծովինարին.

Դառնամ, զօղորմի տի տամ Սանասարին, Բաղդասարին. 

Դառնամ, զօղորմի տի տամ Քեռի Թորոսիկին.

Դառնամ, զօղորմի տի տամ ականջ արողների ծընողներին»։ 

Ահա այս տողերով է սկսվում «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը՝ հայ ժողովրդի ստեղծած դյուցազնավեպերից ամենակուռն ու համապարփակը։ Այն սերնդե-սերունդ ավանդվել է բանավոր, և բանասացներն ու բանահավաքները տարբեր կերպ են անվանել՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ», «ՍԱՍՆԱ ՏՈՒՆ», «ՋՈՋԱՆՑ ՏՈՒՆ», «ՔԱՋԱՆՑ ՏՈՒՆ», բայց իհարկե՝ առավել հաճախ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»։ Էպոսը բաղկացած է 4 մասից կամ 4 ճյուղից, ինչպես որ վիպասացներն են կոչում։ Յուրաքանչյուր ճյուղ ներկայացնում է գլխավոր հերոսներից մեկի սերունդը. ճյուղ առաջինը՝ «Սանասար և Բաղդասար», ճյուղ երկրորդը՝ «Մեծ Մհեր», ճյուղ երրորդը՝ «Սասունցի Դավիթ», ճյուղ չորրորդը՝ «Փոքր Մհեր»։ 

Պատմական առումով էպոսի վիպական զարգացումը, նրա ճյուղերի հարակցումը մշակվել են արաբական արշավանքների շրջանում՝ 7-10 դդ., որոշ հատվածներ՝ մինչև 12-13 դդ., սակայն ժողովրդական ստեղծագործության նախահիմքերը պետք է փնտրել շատ ավելի խորը հնադարում, դրանք աղերսներ ունեն հին ավանդազրույցների, կրոնա-հավատալիքային վաղ պատկերացումների հետ։ 

Միշտ չէ, որ ասացողները տեքստ հաղորդել են ամբողջությամբ, երբեմն շարադրել են միայն մեկ-երկու ճյուղը, ավելի հաճախ՝ միայն Դավթի ճյուղը, այստեղից էլ էպոսի անվանումը ժողովրդի մեջ ավելի շատ կապվել է Սասունցի Դավթի հետ։ Բայց ճյուղերի միասնությունն ընդգծվել է «ողորմիներով», որոնց մեջ հիշատակվում ու փառաբանվում են բոլոր ճյուղերի հերոսները։ Սասունցի Դավթի ճյուղը էպոսի ամենաընդարձակ մասն է. նրա կերպարը, իհարկե, մյուսների նման դյուցազնական է, բայց և ավելի երկրային է, իրական, նա ջերմ ու անաղարտ սիրտ ունի, պատրաստ է օգնության հասնելու և պաշտպան է իր ժողովրդին։ Դավթի կերպարում անշուշտ կենտրոնացել են այն հատկանիշները, որոնք թանկ են ու հոգեհարազատ էպոսը հեղինակող ժողովրդի համար։  

Էպոսի գրառման պատմությունից։

Առաջին անգամ 1873 թ. բանահավաք Գ. Սրվանձտյանն է, որ Մշո Առնիստ գյուղում  հայտնաբերել ու մի վիպասացից ամբողջությամբ գրի է առել «Սասնա ծռեր» էպոսը։ Մեկ տարի հետո նա «Գրոց ու բրոց, և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով այն լույս է ընծայել Կոստանդնուպոլսում։ Երկրորդ պատումը լեզվաբան Մ. Աբեղյանը 1886 թ. գրի է առել Վաղարշապատում, և 1889 թ. հրատարակել Շուշիում՝ «Դավիթ և Մհեր» վերնագրով։ 

Ընդհուպ մինչև 20-րդ դ. 80-ական թվականները հավաքվել ու գրի է առնվել էպոսի շուրջ 160 պատում, որից 70-ը հրատարակվել է։ Վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն է, իր հարակից գավառներով՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Շատախ, Վան, Խլաթ, Հայոց Ձոր, Մոկք, Ալաշկերտ և այլն։ Պատումի լեզուն հիմնականում արևմտահայ, մասնավորապես Սասունի, Մուշի և Մոկաց բարբառներն են, թեև երբեմն նկատելի են նաև արևելահայ բարբառների որոշ ազդեցություններ։ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը ունի երկու հիմնական հրատարակություն։ 1936 թ. կազմվել և հրատակվել է «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԹԻ» համահավաք բնագիրը երկու հատորով՝ Մ. Աբեղյանի ընդհանուր խմբագրությամբ և Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ։ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԹԻ» ևս մեկ համահավաք բնագիր կազմվել և հրատակվել է 1939 թ., որը կազմել են Մ. Աբեղյանը, Գ. Աբովը, Ա. Ղանալանյանը։ Այս հրատակարության գլխավոր խմբագիրն ու նախաբանի հեղինակն է Հ. Օրբելին։ Հետագայում այս երկու հրատարակությունները մի քանի անգամ վերահրատարակվել են։

Էպոսի գրական մշակումները

Հետաքրքական է, որ դեռևս 19-րդ դարի 70-ականներին, երբ գրի էին առնվում առաջին պատումները, դրան զուգընթաց կատարվում՝են էպոսի գրական մշակումներ՝ չափածո, արձակ, դրամատուրգիական։ Առաջինը դա կատարել է Հ. Ճաղարբեկյանը, ով արձակ մշակել է Դավթի ճյուղը 1895 թ.՝ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ ԴՅՈւՑԱԶՆ» վերնագրով։ Ապա բոլոր չորս ճյուղերը չափածո մշակել է Գ. Բալասանյանցը։ 

1903 թ. լույս է տեսել Հ. Թումանյանի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» պոեմը, որն առ այսօր համարվում է էպոսի ամենահաջողված չափածո մշակումը։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստերծ Ա. Կուլեբյակինը 1916 թ.՝ «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ» վերնագրով, Ավ. Իսահակյանը գրել է «ՓՈՔՐ ՄՀԵՐ» պոեմը 1922 թ.։ 1933 թ. Ե. Չարենցը գրել է «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» պոեմը։ 1958 թ. էպոսի ամբողջական բանաստեղծական մշակումն է կատարել Մ. Խերանյանը՝ «ՍԱՍՆԱ ՏՈւՆ»։ 1966 թ. ամբողջական արձակ վերամշակում է կատարել Ն. Զարյանը՝ «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ»։ Կատարվել են նաև Դավթի ճյուղի մի քանի դրամատուրգիական մշակումներ, որոնցից մեկն է Վ. Վաղարշյանի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» ողբերգությունը (1968 թ.)։

 

Էպոսի երաժշտականության մասին 

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսի կարևոր առանձնահատկություններից  մեկն է նրա երաժշտականությունը։ Այն պատմվել է երգաձայն, ռիթմիկ առոգանությամբ, իսկ առանձին դրվագներ ուղղակի երգվել են և հանգավոր բանաստեղծության ձև են ունեցել, ինչպես օրինակ՝ «ափսոսները», նախերգանք ու վերջերգ հանդիսացող «ողորմիները»։ Այդ երգային հատվածներից մի քանիսը՝ 30-ից ավելի կտոր, բարեբախտաբար ժամանակին գրի են առել Կոմիտասը, Ս. Մելիքյանը, Ա. Քոչարյանը, ինչի շնորհիվ պահպանվել են։ Դրանք հայ մոնոդիկ երաժշտության առանձին օրինակներ են, և քանիցս օգտագործվել են էպոսի թեմաներով ստեղծված հայ կոմպոզիտորների գործերում. Ալ. Սպենդարյան - Գ. Բուդաղյան՝ «ԽԱՆԴՈւԹ» բալետ, Էդ. Հովհաննիսյան «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» բալետ-օպերա։

 

Էպոսի թարգմանությունները

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը բազմիցս թարգմանվել է տարբեր լեզուներով։ Դեռևս 1881թ., Սրվանձտյանի գրի առած պատումը Գ. Խալաթյանցը թարգմանել է ռուսերեն։ Ապա ամբողջությամբ էպոսը թարգմանվել է գերմաներեն։ Վ. Բրյուսովը 1916 թ. որոշ կրճատումներով ռուսերեն է թարգմանել Մ. Աբեղյանի գրի առած պատումը։

Հետաքրքրությունը էպոսի նկատմամբ մեծացել է 1938-39 թթ., նրա 1000-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով։ Այդ ժամանակ կազմվել և հրատակվել է «ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ» համահավաք բնագիրը (կազմ.՝ Մ.Աբեղյան, Գ.Աբով, Ա.Ղանալանյան) թարգմանվել  է ռուսերեն ու լույս տեսել միաժամանակ Երևանում, Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ)։ 1939 թ. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ը նաև թարգմանվել ու հրատարակվել է վրացերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, Խորհրդային Միության ժողովուրդներից ևս մի քանիսի լեզուներով։ 1950-60-ական թթ., ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցությամբ, միջազգային հետաքրքրությունը մեծացել է էպոսի նկատմամբ. համահավաք բնագիրը թարգմանվել, հրատարակել է չինարեն, պարսկերեն, նաև ֆրանսերեն, անգլերեն, լեհերեն։ 

Օտար լեզուներով թարգմանվել և լույս են տեսել էպոսի գեղարվեստական մշակումները։ 

 

Հետաքրքրությունը «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» դյուզացներգության նկատմամբ այսօր էլ չի դադարել։ Ներկայում ևս պարբերաբար լույս են տեսնում էպոսի համահավաք, ամբողջական, կամ մշակված, պատկերազարդված պատումները, մանուկների համար արված վերապատումները, հրատարակվում են հին և նոր արված թարգմանությունները։ 

 

Էպոսը կերպարվեստում և այլուր

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսն իր արտացոլումն է գտել կերպարվեստում։ Այն հարուստ, գունեղ նյութ է, ներշնչանքի աղբյուր նկարիչների, քանդակագործների և կոմպոզիտորների համար։ Էպոսի առանձին հատվածներ, նրա հերոսները իրենց գեղարվեստական արտացոլումն են գտելլ կտավների, գրքի գրաֆիկայի, քանդակագործության, երաժշտության մեջ։ Այս թեմային անդրադառնում են արվեստագետներ, նկարահանվում է մուլտֆիլմ, այն Հայֆիլմ ստուդիայի խորհրդանիշն է։ Էպոսի ամենաթարմ օգտագործումներից մեկն է նկարիչ Ա. Սարգսյանի «ՏՂԱ ԴԱՎԹԻ և ԱՂՋԻԿ ԽԱՆԴՈՒԹԻ ՀԵՔԻԱԹԸ» պերֆորմանսը (Եր. 2015 թ.)։ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» զորություն փոխանցող անունն են կրել տանկային շարասյուններ, կամավորական ջոկատներ, փողոցներ, հրապարակներ, մասնավորապես Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը ու համանուն հրապարակը, որի կենտրոնում վեր է խոյանում Սասունցի Դավթի, հիրավի, լավագույն գեղարվեստական կերպավորումը՝ Եր. Քոչարի «ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ» արձանը։  

 

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսի տարբեր տարիներում արված հրատարակություններից մի քանիսը ներկայացված են Booksfromarmenia.com կայքում.

 

1. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1219 

2. http://http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=526

3. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=270

4. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1252

5. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1220

6. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1221

7. http://www.booksfromarmenia.com/item.php?item_id=1223

Օգոստինոս Երանելիի «Խոստովանությունները»՝ հայերեն

Առաջին գիրքը, որ 2016 թ-ին մեր բլոգում ուզում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը, Օգոստինոս Երանելիի «Խոստովանություններ» գործն է։

Անկյունաքար - 2008, Երևան, 480 էջ, ISBN 99941-800-1-1

 

Միջնադարյան մի հանրագիտակ, Կաթոլիկ Եկեղեցու սուրբ Իսիդորոս Սևիլիացին (6-7-րդ դդ.), ով, ի դեպ, այսօր աշխարհում ճանաչված է որպես Համացանցի սուրբ հովանավոր, և նրա մահվան օրը՝ ապրլին 4-ը, նշվում է իբրև Համացանցի միջազգային օր, ահա նա, խոսելով առաջին դարերի քրիստոնյա հայրերի, նրանց թողած գրավոր ժառանգության մասին, նշում է. «Մտքով և գիտելիքներով բոլորից վեր կանգնած է Օգոստինոսը, որովհետև նրա գրածի չափ ոչ ոք չի կարող ոչ միայն գրել, այլև՝ նույնիսկ կարդալ, թեկուզև դրա համար օր ու գիշեր ծախսի»։ Եվ ապա՝ «Ով որ կասի, թե կարդացել է նրա բոլոր գործերը, այդ մարդուն անհապաղ ստախոս պետք է հայտարարել»։  

Գուցեև, ասվածը չափազանցված թվա («...այնքան գիրք է գրել, որ մարդ իր կյանքի ընթացքում չի հասցնի կարդալ»), սակայն հեռու չէ ճշմարտությունից. Օգոստինոսը հեղինակել է 93 աշխատություն, որ 232 գիրք է կազմել, նրա անունով մեր օրերն է հասել նաև ավելի քան 500 նամակ և քարոզ։ Ուղղափառ Եկեղեցու կողմից «Երանելի» մականունն ստացած Ավրելիոս Օգոստինոս Հիպոնացին (354-430) ծնունդով Կարթագենից է, իր կյանքի մեծ մասն ապրել է Հռոմեական Աֆրիկայի Տագաստ, Հիպպոն քաղաքներում (այժմյան Ալժիի տարածքում)։ Նրա կրոնա-իմասատասիրական երկերից առավել հայտնիներն են «Խոստովանություններ» (Confessiones), «Աստծո քաղաքի մասին» (De Civitate Dei), «Երրորդության մասին» (De Trinitate), «Ազատ կամքի մասին» (De libero arbitrio) գործերը, որոնք  հոգևոր բովանդակության հետ մեկտեղ ունեն նաև գեղագիտական արժեք։ 

Օգոստինոսի անձի, նրա գործերի մասին հայ իրականության մեջ, հոգևորականների շրջանում իմացել են վաղուց, ներառյալ վաղ միջնադարում, նրան անդրադարձել են, ցիտել, որոշ հատվածներ թարգմանել են, սակայն, հետաքրքրական է, որ օրինակ, «Աստծո քաղաքի մասին»-ը հանրահայտ գործը ամբողջապես միայն մեկ անգամ է թարգմանվել ու լույս է տեսել, այն էլ՝ 1841 թ., Մխիթարյանների ջանքերով (թարգմ. Հ. Գաբրիել վարդ. Աւետիքյան)։ Իսկ «Խոստովանություններ»-ը, որ վստահորեն կարող է  սեղանի գիրք լինելու պատվին արժանանալ, ընդհանրապես չի ներկայացվել հայ ընթերցողին։ Ինչի համար, արժեր ափսոսալ։ Եվ կարծում եմ ուրախալի փաստ էր, որ «Անկյունաքար» հրատարակությունն իրականացրեց այդ ոչ հեշտ աշխատանքը, «Խոստովանություններ»-ը 2002 թ. առաջին անգամ լույս տեսավ հայերեն լեզվով (թարգմ. լատիներենից, անգլերեն թարգմանության հմմտ.՝ Խ. Գրիգորյանի)։ 2008 թ. արվեց գրքի երկրորդ, վերանայված հրատակարությունը, և հիմա այն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են Օգոստինոսին ընթերցել հայերեն։

Ահա այս գիրքն է, որ ուզում եմ առաջարկել Ձեր ուշադրությանը։ 

Ով տեղյակ է «Խոստովանություններ»-ի բովանդկությանը (անկախ ինչ լեզվով է այն կարդացել), չի կարող անտարբեր լինել, անգամ մտքում հիացմունքի խոսքեր չշռայլել Օգոստինոսի հասցեին։ Ո՞րն է այս առանձնահատուկ վերաբերմունքի գաղտնիքը. պատկառազդու հեղինակի ճարտասանական արվե՞ստը, նրա անկեղծ ու անվերապահ հավա՞տը, կամ գուցե՝ պայծառ, սթափ տրամաբանությո՞ւնը։ Դժվար է սրանցից մեկն առանձնացնել։ Հավանաբար բոլորը միասին, դեռ այդ բոլորին գումարած այն փաստը, որ ով մեկ անգամ ձեռքն առնում «Խոստովանությունները», ապա սկսած ընթերցանությունը երկարում է տարիների ընթացքում, և ընթերցողին զուգահեռաբար «ընթերցելու է» առաջնորդում իր սեփական «Խոստովանություններ»-ը, և… Բայց և, ինչը պակաս կարևոր չէ, այդ խոստովանանքը չի տանում հուսահատության, կամ ինքնադատափետման, այն հենման կետ է տալիս, մղում է ամբողջականության։ 

Օգոստինոսի գրելաոճը, «Խոստովանություններ»-ի շարադրանքը առինքնող է, խոսքը, միտքը կառուցելու, ճկուն դարձվածները, շրջասացությունները կազմելու նրա վարպետությունն ուղղակի հիացնում է, այն հաճախ առիթ է վայելելու խոսքի, բառի արժեքը, դարձվածների դիպուկությունը, մտածելու ու մտքերը արտահայտման նրբությունները։ Հավանաբար մեծ նախախնամություն է, որ մինչև քրիստոնյա դառնալը հեղինակը ստացել է իր ժամանակի համար լավագույն կրթությունը, եղել է համբավավոր ճարտասան, իսկ հետագայում իր ստացած կրթությունը, փորձառությունը, բոլոր ձիրքերը ի սպաս է դրել մեծ առաքելությանը։ 

Ընթերցեք մի հատված այդ գրքից. 

 

«...Սա էր Պոնտիցիանոսի պատմությունը։ Իսկ Դու՛, Աստված, նրա պատմության [շարադրելու] ընթացքում ինձ շրջեցիր դեպի իմ անձը. ստիպեցիր ինձ դուրս գալ իմ մեջքի հետևից, որտեղ ես տեղավորվել էի, որպեսզի չդիտարկեմ ինձ, և դրեցիր ինձ իմ դիմաց՝ երես առ երես, որպեսզի տեսնեմ, թե որքան ապականված, որքան ծուռ ու պիղծ եմ ես՝ ծածկված քոսերով ու խոցերով։ Ես տեսա ու սարսափեցի, և տեղ չկար, որ փախչեի ինձանից։ Եթե ես փորձում էի հայացքս հեռացնել ինձանից, նա շարունակում էր պատմել, և Դու ինձ նորից դնում էիր իմ առաջ, և ստիպում էիր առանց կտրվելու նայել ինքս ինձ, որ տեսնեմ իմ անօրենությունը և ատեմ այն։ Ես արդեն գիտեի այդ մասին, բայց անտեղյակ էի ձևանում, աչքերս փակում էի և փորձում էի մոռանալ այդ մասին»։ (էջ 190, գլխ. 8-րդ, VII, 16.)։

«Եթե ես որևէ մեկին հարցնեմ, թե նա գերադասում է ճշմարտության մեջ գտնել ուրախությունը, թե՝ ստի, ապա ոչ ոք չի տատանվի պատասխանել՝ ճշմարտության մեջ, ինչպես նաև չի տատանվի ասել, որ ուզում է երջանիկ լինել։ Իսկ երջանկությունը ճշմարտությամբ ուրախանալն է, այսինքն՝ ուրախանալը Քեզանով, որ Ճշմարտությունն ես, Աստված իմ, Լույս իմ, իմ անձի փրկություն (Սաղմ.  26.1, 41.12)։ Բոլորն են ցանկանում այս երջանիկ կյանքը, բոլորն են ուզում ուրախանալ ճշմարտությամբ։ Շատերին գիտեմ, ովքեր հաճույքով խաբում են, սակայն չգիտեմ մեկին, ով կուզենար խաբված լինել։ Որտեղի՞ց են իմացել նրանք այդ երջանիկ կյանքի մասին, եթե ոչ՝ նույն տեղից, որտեղից որ իմացել են ճշմարտության մասին։ Այո՛, նրանք սիրում են այդ ճշմարտությունը, քանի որ չեն ուզում խաբվել. և որովհետև սիրում են երջանիկ կյանքը (որն այլ բան չէ, քան ուրախանալ ճշմարտությամբ), ուրեմն նրանք սիրում են նաև ճշմարտությունը»։ (էջ 254, գլխ. 10-րդ,  XXIII, 33.)։

«Չուզենալով խաբվել և ուզենալով խաբել, նրանք սիրում են լույսը, երբ այն ինքն է հայտնվում, և չեն սիրում, երբ այն բացահայտում է իրենց»։ (էջ 255, գլխ. 10-րդ,  XXIII, 34.)։ 

«Ազատի՛ր ինձ ամեն գայթակղությունից։ Ես վախենում եմ ոչ թե կերակրի անմաքրությունից, այլ ուտելու անմաքուր կրքից»։ (էջ 263, գլխ. 10-րդ,  XXXI, 46.)։

«Թող իմ ասածի վրա ծիծաղի նա, ով չի տեսնում դա, իսկ ես կխղճամ նրան այդ ծաղրի համար»։ (էջ 243, գլխ. 10-րդ,  XII, 19.)

Գիրքը ձեռք բերելու համար անցնել հետևյալ հղմանը. http://booksfromarmenia.com/category.php?search=augustine&cur=USD

Թեոֆանա Վարդանյան

 

 

Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ

Աստղիկ Իսրայելյանի «Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ» աշխատությունը ներկայացնում է Հայաստանի պատմության թանգարանի  XVIII-XX դդ. հմայական պահպանակների հարուստ ժողովածուն, որոնք ամենատարբեր գործառույթներ են ունեցել և ունեն։ Սա հայկական հմայիլներին նվիրված եզակի ուսումնասիրություն է, առաջին փորձն է դրանք վերլուծելու և բացահայտելու՝ ըստ էության. ինչ կիրառության ձևեր են ունեցել հմայիլները առօրիայում և ծեսերում, ինչ կապեր են ունեցել տարբեր պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ։ «Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ» գրքի առաջին բաժինը նվիրված է հմայական պահպանակներին (11-26 էջ.), հաջորդ բաժինները ներկայացնում է կանանց հմայական պահպանակները (27-43 էջ.), մանկական հմայիլները (44-56 էջ.)։ Մեկ առանձին գլուխ նվիրված է կենդանիների հմայակներին (57-62 էջ.)։ Աշխատությունը եզրափակում է Հայաստանի պատմության թանգարանի հմայական պահպանակների ցուցակը։ Այս գիրքը, անկասկած, ուշագրավ է ազգագրագետների, հնագետների, մշակութաբանների, արվեստի տեսաբանների և առհասարակ հայկական ժողովրդական ավանդույթներով ու սովորություններով հետաքրքրվողների համար։  

http://booksfromarmenia.com/item.php?item_id=1031

 

«Հեթում պատմիչ Կոռիկոսցին», Կարեն Մաթևոսյան

Գրքում ներկայացվում է Հեթում Պատմիչ Կոռիկոսցու (13-րդ դ. վերջ - 14-րդ դ. սկիզբ) 1296 թ. կազմած ժամանակագրությունը՝ «Համառոտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց...», երեք խմբագրություններով, ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով, ինչպես նաև հեղինակի երկու այլ գործերը (հավելվածում), որոնք արժեքավոր աղբյուրներ են Կիլիկիայի Հայոց թագավորության և խաչակիրների պետությունների պատմության վերաբերյալ։

Ձեռք բերելու համար այցելեք http://booksfromarmenia.com/item.php?item_id=1198

Լեզու. հայերեն

Նախատեսված է պատմաբանների և Հայոց պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն հասարակության համար։ 

Սիմվոլիզմը և Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը, Արարատ Աղասյան

Մենագրությունը նվիրված է XX դարի խոշորագույն հայ նկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի ստեղծագործության վաղ, սիմվոլիստական շրջանին։ Այդ ժամանակաշրջանի Սարյանի հիմնական ստեղծագործությունների մանրամասն և համակողմանի վերլուծության արդյունքում բացահայտված են նրա արվեստին ամենաբնորոշ ձևա-ոճական և գաղափարա-պատկերային առանձնահատկությունները։ Վարպետի վաղ ստեղծագործությունը դիտարկված է ժամանակաշրջանի լայն պատմա-մշակութային խորապատկերի վրա, և նրա առանձին ստեղծագործություններ ցույց են տրված XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս և արևմտաեվրոպական նկարիչ-սիմվոլիստների գործերի հետ համեմատության մեջ։ Մենագրության մեջ արտացոլվել են Սարյանի մասին կարծիքները, որոնք արտահայտել են հայտնի քննադատները, գրականության և արվեստի գործիչները։

Գիրքը նախատեսված է մասնագետների և նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գեղանկարչության պատմությամբ։

Գիրքը գրված է ռուսերեն լեզվով, Սարյանի բազմաթիվ նկարների լուսանկարներով։

Ձեռք բերելու համար այցելեք http://booksfromarmenia.com/item.php?item_id=988։

Սբ. Գրիգոր Տաթևացի, հռչակավոր հայ աստվածաբան, հրատարակված է անգլերեն լեզվով

Սբ. Գրիգոր Տաթևացի, «Սողոմոնի Գրքերի մեկնությունը», Անկյունաքար հրատարակչություն, անգլերեն լեզվով

Այս գիրքը ձեռք բերելու համար այցելե՛ք BooksFromArmenia կայքը

Սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1409) խոշորագույն հայ աստվածբաններից մեկն է, թողել է զգալի հետք թե՛ Հայոց եկեղեցու, և թե՛ նրա աստվածաբանության մեջ։ Ահա թե ինչու նա սրբադասվել է Հայ եկեղեցու կողմից։ Նա նաև մեծ փիլիսոփա և մանկավարժ էր։ Սբ. Գրիգոր Տաթևացին ղեկավարել է Տաթևի համալսարանը, որը գտնվում էր Սյունիքի մարզում։ Համալսարանում գործավող շատ դասագրքեր գրվել են հենց իր՝ Գրիգոր Տաթևացու կողմից։ Դրանցից որոշները այսօր էլ են գործածվում  Հայաստանի հոգևոր ճեմարաններում։

Սբ. Գրիգոր Տաթևացին թողել է ընդարձակ աստվածաբանական ժառանգություն։ Իր գրքերի թվում են «Գիրք Հարցմանցը», «Ամառան և Ձմեռան քարոզգրքերը», «Ոսկեփորիկը» և բազմաթիվ մեկնություններ։ 

Այս հրատարակության մեջ հավաքված են Սողոմոնի գրքերի՝ Առակների, Ժողովողի, Իմաստության և Երգ երգոցի մեկնությունները։ 

Սբ. Գրիգոր Տաթևացին լայնորեն օգտվել է իր նախորդների՝ Վարդան Արևելցու, Ներսես Լամբրոնացու և մյուսների մեկնություններից։ Նա նաև բազմաթիվ հղումներ է տալիս այն փիլիսոփաների և աստվածաբանների գործերին, որոնք խորությամբ ուսումնասիրվել են Տաթևի համալսարանում։

Հեղինակը շատ ուշադրություն է դարձնում Սողոմոնի գրքերի, ինչպես նաև Աստվածաշնչի այլ գրքերի տեքստում առկա հակադրությունների լուծմանը։ Նա հաճախ ընդգծում է որ տվյալ նախադասության իմաստը հնարավոր չէ հասկանալ առանց համատեքստի ճշգրիտ ընկալման, և ցույց է տալիս այդ վերլուծության գերազանց օրինակներ։

Սա Տաթևացու՝ Սողմոնի Գրքերի Մեկնության առաջին անգլերեն թարգմանությունն է և կատարված է գրաբար բնագրից։

Թենի Վարդանյան, Հայաստանի ժամանակակից արվեստի փայլուն ներկայացուցիչ

Այս կատալոգը ՀՀ վաստակավոր նկարչուհի Թենի Վարդանյանի ընտրված գործերի ներկայացումն է, յուղաներկ և ջրաներկ։ Գրքում կա նաև երկու հոդված նկարչուհու մասին։

http://booksfromarmenia.com/item.php?item_id=1068

Սիմվոլների ոչ տրանսցենդենտ բնույթի շնորհիվ Թենիի գործերը զրկվում են զուտ սիմվոլիստական «վերին ռեալությունը բացահայտելու» հավանականությունից։ Դրանք ավելի շուտ արձագանքում են հոգեբանության մութ նկուղներից եկող տարօրինակ և անհասկանալի շշուկները։ Հրանք զրտված են հանդիսավորությունից և վեացված չեն, ու դրանով իսկ ճշմարտանման են ու իրական։ Շշուկներն ու փսփսոցները երկնքում տեղ չունեն։ Թերևս երկնային հանգստությունից դեպի անհատի հոգեբանական ապրումները կատարվող այս շրջադարձի շնորհիվ է, որ Թենիի սիմվոլները ստանում են սյուրռեալիստական նրբերանգ ևս։ Ահա թե ինչու Թենիի նկարները կարելի է որակավորել իբրև սյուրռեալիստական սիմվոլիզմ։

Դրանք ստեղծագործություններ են, որոնք ծնվում են անգիտակցականի ամբողջականության խորքերից ու, միևնույն ժամանակ, այդ ամբողջականության աներեր միանշանակությունից անհանգստացած ինքնատիրապետման ջանքերից, որն ամեն գնով ցանկանում է մեզ փրկել տարրալուծվելու և բաժան բաժան լինելու վտանգից։ 
 

Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում

Գիրքը լուսաբանում   է արևմտահայերի կատարած ներդրումը Օսմանյան կայսրության  կյանքի տարբեր ոլորտներում. դիվանագիտական, պալատական, վարչական, դատական կյանքում; բանակում, բանկային եւ ապահովագրական համակարգերի, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առեւտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտություն եւ սպորտի բնագավառներում։ Առանձին հետազոտության նյութ են դարձել ամիրաների դասի գործունեությունն և կարևորությունը, հայ  մտավորականության զգալի  ներդրումը՝ որպես եվրոպական գաղափարները Օսմանյան կայսրություն բերողների։ Տպագրությունը  եւ հրատարակչական գործը,  հայատառ թուրքական գրականությունն ունեցել են ուղղակի ազդեցություն նոր թուրքական գրականության, նրա լուսավորիչների,  թուրքերեն գրական  լեզվի,  թատրոնի, դրամատուրգիայի եւ լրագրության կայացման եւ զարգացման վրա։

Մենագրությունը նվիրվում  է Թուրքիայում Հայոց պատրիարքարանի հիմնադրման 550-ամյակին (1461-2011),  հաստատություն, որի հսկայական դերն արեւմտահայության պատմության համար դժվար է գերագնահատել, ինչպես նաև անհնար է պատկերացնել արեւմտահայերի ճակատագիրն  առանց Թուրքիայի Հայոց պատրիարքարանի:

Գիրքը կարելի է ձեռք բերել թուրքերեն, հայերեն և ռուսերեն տարբերակներով։

Գիրքը նախատեսված է լայն շրջանակի փորձագետների եւ շահագրգիռ ընթերցողների համար.

Խոսրովիկ Թարգմանիչ, հայ մեծ աստվածաբան, արդեն հրատարակված

Խոսրովիկ Թարգմանիչ, «Դավանական երկեր», Անկյունաքար հրատարակչություն, 2015

8-դ դարի սկիզբը վճռորոշ էր Հայոց եկեղեցու և նրա աստվածաբանական համակարգի համար։ Բյուզանդական Կայսրությունը, որը Քաղկեդոնի Ժողովից հետո 200 տարվա ընթացքում տատանվում էր այդ ժողովը ընդունելու կամ չընդունելու միջև, 7-րդ դարի վերջում վճիռ ընդունեց հօգուտ Քաղկեդոնի Ժողովի։ Եվ այս քայլը հիմնավորվում էր Մաքսիմոս Խոստովանողի, Ղևոնդիոս Բյուզանդացու և այլոց աշխատանքներով։ Բյուզանդական Կայսրության քաղաքականությունը կանգ չառավ քրիստոսաբանական քննարկումներով, այլ ընդունեց ոչ-քաղկեդոնական եկեղեցիներին բռնի կերպով քաղկեդոնականական քրիստոսաբանության բերելու։

Թեև արաբական ուժեղացող ազդեցության պայմաններում քաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս հեռու գնալ բռնի միջոցների հարցում, սակայն Հայոց և Ասորի ոչ-քաղկեդոնական եկեղեցիներին պարտադրվեց աստվածաբանական բանավեճ, և Հայոց եկեղեցու այն մասերում, որոնք գտնվում էին բյուզանդական քաղաքական ազդեցության ներքո, որոշ չափով տեղի ունեցավ անցում քաղկեդոնական աստվածաբանության։ Այս պայմաններում կաթողիկոս սբ. Հովհան Օձնեցին պետք է արձագանքեր համապատասխան կերպով, և հիմնավորեր հստակ կերպով այն պատճառները, թե ինչու Քաղկեդոնական քրիստոսաբանությունը ընդունելի չէր Հայոց  և Ասորի եկեղեցիների համար, ինչը նա կատարեց փայլուն կերպով։

Սրա համար գումարվեց Մանազկերտի ժողովը (726 թ.), որում հայ և ասորի եպիսկոպոսները միասին ձևակերպեցին 10 ժողովական բանաձևեր, որոնք հստակ սահմանեցին երկու եկեղեցիների քրիստոսաբանական դիրքը։ Կաթողիկոսից հետո առաջատար աստվածաբաններից մեկը Խոսրովիկ Թարգմանիչն էր։ Նրա հինգ նամակները, որոնք կազմում են այս գրքի նյութը, ամենայն հավանականությամբ գրվել են Մանազկերտի ժողովից հետո և հասցեագրված են տարբեր մարդկանց։ Առաջինը ուղղված է ոմն քաղկեդոնական եպիսկոպոսի, հավանաբար բյուզանդական ազդեցության տարածքում գտնվող։ Այստեղ Խոսրովիկը ցույց է տալիս հիմնական աստվածաբանական եզրերի տարբեր ըմբռնումները երկու կողմերի համար, որտեղից էլ հետևում են տարբեր քրիստոսաբանական պատկերացումները։ Սա գրքի հիմնական աշխատությունն է, և հեղինակը հիշեցնում է աստվածաբանական եզրերի («դեմք», «անձ», «բնություն» և այլն) ճշգրիտ սահմանումները՝ վերցված թե նախաքաղկեդոնյան սուրբ հայերերի, թե փիլիսոփաների աշխատություններից։ Այս սահմանումների կարևորությունը հասկանալու համար բավական է ասել, որ այս եզրերի ճշգրիտ սահմանումների վերաբերյալ մինչ օրս ընթանում են վիճաբանություններ աշխարհի տարբեր եկեղեցիների և հարանվանությունների աստվածաբանների միջև, և նրանց մեծ մասը անտեղյակ է Հայոց եկեղեցու տեսանկյունին, որն արտահայտված է սբ. Հովհան Օձնեցու, Խոսրովիկի և ուրիշների կողմից։

Մյուս նամակները ուղղված են ասորի և հայ եպիսկոպոսների, որոնցում հեղինակը բացատրում է Մանազկերտի Ժողովի մոտեցումները Քրիստոսի մարմնի չարչարելիության և անչարաչարելիության, մահկանացության և անմահության մասին, ինչը ասորի եկեղեցու ներսում բաժանումների հիմք էր դարձել Հուլիանոսի և Սևերիոսի հետևորդների միջև։

Գիրքը ունի ծավալուն նախաբան, տողատակի ծանոթագրություններ և մանրամասն առարկայացանկ ու անվանացանկ։

Հրատարակված է «Անկյունաքար» հրատարակչության կողմից, 2015 թվականի հուլիսին։ Հետաքրքրված ընթերցողները կարող են ձեռք բերել՝ այցելելով BooksFromArmenia.com կայքը կամ դիմել հրատարակչությանը՝ info@ankyunacar.com։

Սա գրքի առաջին արևելահայերեն թարգմանությունն է գրաբարից։ Թարգմանիչ՝ Խաչիկ Գրիգորյան։

 

Pages